Տեղեկություններ

ՍՈՒՐՃԸ ԵՎ ՄԱՐԴՈՒ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ

Սուրճը չափազանց սիրված և պահանջված ըմպելիք է։ Դժվար է պատկերացնել օրն առանց գոնե մեկ գավաթ սուրճի։ Սուրճ սիրում ենք գրեթե բոլորս, թեև շատերս լսել ենք սուրճի վնասակար հատկությունների մասին ևս։ Բայց ի՞նչ գիտենք մենք իրականում սուրճի վնասակարության վերաբերյալ։ Արդյո՞ք այն այդքան վնասակար է, որքան տարածված կարծիքն է այդ մասին։ Իսկ մի գուցե հակառա՞կն է։ Փորձենք լուսաբանել այս հարցը։

Եվ այսպես, սուրճի օգտագործման դեմ ամենամեծ փաստարկն այն է, որ սուրճի օգտագործումը կարող է հանգեցնել մի շարք սիրտ-անոթային հիվանդությունների, ինչպես նաև՝ սրտի կաթվածի։ Սակայն վերջերս անցկացված մի շարք լուրջ հետազոտություններ ուղղակի կապ չեն գտել սուրճի օգտագործման և սիրտ-անոթային որևէ հիվանդության միջև։ Բանն այն է, որ որոշ մարդկանց օրգանիզմում յուրահատուկ գենային մուտացիայի արդյունքում կոֆեինը տրոհելու գործընթացն ընթանում է նորմայից ցածր արագությամբ, ինչի արդյունքում օրգանիզմում առաջ է գալիս ընդհանուր նյութափոխանակության խախտում։ Բացի այդ, չֆիլտրված սուրճ ըմպելիս (օրինակ՝ Արևելյան / Սև Սուրճը) սուրճից չեն զտվում “Կաֆեստրոլ” և “Կահվեոլ” կոչվող յուղային միացությունները, ինչն էլ հանգեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակի բարձրացմանը։ Օրական կոֆեինի թույլատրելի չափաբաժինը գերազանցելու դեպքում նույնպես կարող են առաջանալ սիրտ-անոթային խնդիրներ։

Ավելին, վերջին շրջանի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ թույլատրելի սահմաններում սուրճի կանոնավոր օգտագործումը բարձրացնում է մտավոր ակտիվությունը, կարգավորում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը, նվազեցնում է դեպրեսիայի հավանականությունը, բարձրացնում է ֆիզիկական ակտիվությունը, կարգավորում է արյան ճնշումը, խթանում է սրտի բնականոն աշխատանքը, կտրուկ նվազեցնում է Ալցհեյմերի և Պարկինսոնի հիվանդությունների, քաղցկեղի որոշ տեսակների առաջացման հավանականությունը, ավելացնում է օրգանիզմում հակաօքսիդանտների պարունակությունը, նպաստում է ավելորդ քաշի նվազեցմանը և կատարում է մի շարք այլ օգտակար ֆունկցիաներ։

Պարզապես միշտ պետք է հիշել, որ սուրճը, ինչպես և ցանկացած այլ բան, չափից շատ օգտագործելու դեպքում անպատճառ կարող է հանգեցնել առողջական խնդիրների։ Պարզապես  պետք է դրանք օգտագործել չափավոր։ Սուրճի օրական չափաբաժինը որոշվում է հիմնականում օրգանիզմում կոֆեինի թույլատրելի չափաբաժնով, ինչը պայմանավորված է անհատի տարիքով, քաշով, սեռով և ընդհանուր առողջական վիճակով։ Այսպես, օրինակ, երիտասարդներն ունեն կոֆեինի ավելի բարձր սահմանային շեմ, քան միջինից բարձր տարիքային խմբի անդամները։ Կանայք ունեն օրգանիզմում կոֆեինի սահմանային թույլատրելի ավելի ցածր շեմ, քան տղամարդիկ, քանի որ կանայք, որպես կանոն, ունեն ավելի թեթև քաշ։ Միջին կենսաբանական և ֆիզիկական տվյալներ ունեցող անձի համար կոֆեինի սահմանային թույլատրելի շեմ է համարվում օրական 400 միլիգրամը։

Բոլոր դեպքերում, սիրտ-անոթային կամ որևէ այլ խնդիրներ ունեցող անձանց խորհուրդ է տրվում խորհրդակցել իրենց բժշկի հետ սուրճի օրական թույլատրելի չափաբաժնի հետ կապված և հետևել նրա ցուցումներին։

Եղեք առողջ և վայելեք Ձեր սիրելի Սուրճը։

Սիրով՝ Ձեր CoffeePlus

 

 

«ԿՈՖԻ ՊԼՅՈՒՍ» ՍՊԸ