Կոֆեինազերծված սուրճը բավական լայն տարածում է գտել ողջ աշխարհում, հատկապես այն մարդկանց շրջանում, ովքեր շատ են սիրում սուրճի անուշաբույր համը ու չեն ցանկանում հրաժարվել սիրելի ըմպելիքից, սակայն չեն ցանկանում իրենց օրգանիզմի վրա զգալ կոֆեինի ներգործությունը։ Սուրճից բացի սկզբունքորեն կարելի կոֆեինազերծել նաև թեյը և կակաոն, որոնք ինչպես հայտնի է, նույնպես պարունակում են «Կոֆեին» կոչվող քիմիական միացությունը։ Հաճախ կոֆեինազերծում են Ռոբուստա տեսակի սուրճը, քանի որ այն պարունակում է Արաբիկայից կրկնակի ավել կոֆեին, իսկ ստացված կոֆեինը օգտագործում են դեղագործության մեջ տարատեսակ ցավազրկող դեղամիջոցներ պատրաստելու համար, ինչպիսին է, օրինակ, Ասկոֆենը։ Կոֆեինազերծման արդյունքում կոֆեինը ամողջությամբ չի հեռացվում և, սովորաբար, մնացորդային կոֆեինը կազմում է 1-2 տոկոս։ Սննդի արդյունաբերության մեջ մինչև 20 տոկոս կոֆեինի պարունակություն ունեցող արտադրանքը կարող է համարվել «Կոֆեինազերծված», «Առանց Կոֆեինի» կամ «Դեկաֆ» (Decaf Coffee):
Առաջին անգամ Ֆրեդլիբ Ֆերդինանդ Ռունգեն կոֆեինազերծեց սուրճի հատիկները 1820 թվականին բանաստեղծ Վոլֆգանգ Գյոթեի խնդրանքով՝ տևական ժամանակ սուրճի հատիկները լվանալով տաք ջրով։ Քանի որ կոֆեինը գերազանցապես պարունակվում է սուրճի հատիկի արտաքին շերտում, ապա տաք ջուրը, շարունակաբար լվանալով այդ շերտը, հատիկից անջատում է մեծ քանակությամբ կոֆեին։ Այս պրոցեսը պատենտավորել է գերմանացի վաճառական Լյուդվիգ Ռոզելին 1906 թվականին։ Նա պատահաբար բացահայտեց կոֆեինազերծելու մեթոդը, երբ տեղափոխելիս սուրճով բարձված իր բեռը ներծծվեց ծովի ջրով և կորցրեց կոֆեինի մեծ քանակություն։ Սակայն ամենահետաքրքիրն այն էր, որ դրանից սուրճի համը չէր տուժել։ Հետագայում տարբեր թթուների և բենզոլի կիրառումով սկսեցին կոֆեինազերծել սուրճը, որն արդեն սկսեց վաճառվել որպես Kaffe HAG (Handels-Aktien-Gasellschaft) Ընկերության կողմից ԵՎրոպայում և ԱՄՆ-ում։ Ժամանակի ընթացքում սուրճի կոֆեինազերծման մեթոդները գնալով զարգացան՝ քիմիական տեխնոլոգիաների առաջընթացին զուգընթաց։ Ներկայումս սուրճի կոֆեինազերծման համար կիրառվում են 5 հիմնական մեթոդներ։ Դրանք են․
- ՈՒղղակի Կոֆեինազերծման Մեթոդը՝ երբ սուրճի դեռևս կանաչ հատիկները նախ թրջվում են գոլորշիով ապա լվացվում են հատուկ քիմիական նյութերով, որոնք հատիկից անջատում են միայն կոֆեին չվնասելով համային հատկանիշներ պարունակող այլ միացություններին։
- Անուղղակի Կոֆեինազերծման Մեթոդը՝ երբ սուրճի ամբողջական հատիկները թրմվում են տաք ջրում երկար ժամանակ, ջրին փոխանցելով անհրաժեշտ կոֆեինը, ապա ստացված թուրմը ջրազրկելով ստացվում է պահանջված կոֆեինը։
- Սուպերկրիտիկալ Ածխաթթու Գազի Պրոցեսի Մեթոդը՝ երբ սուրճի կանաչ հատիկները թրջվելուց հետո տեղադրվում են հատուկ փակ տարայում, իսկ գերբարձր ճնշման տակ գտնվող ածխաթթու գազը դրանցից անջատում է անհրաժեշտ կոֆեինը։
- Շվեցարական Ջրի Պրոցեսի Մեթոդը՝ երբ օգտագործվում է այսպես կոչված «Կանաչ Սուրճի Էքստրակտը» (Green Coffee Extract)՝ սուրճի կանաչ հատիկներից կոֆեին անջատելու համար։
- Տրիգլիցերիդի Պրոցեսի Մեթոդը՝ երբ սուրճի կանաչ հատիկները, թրմվելով վերոհիշյալ քիմիական միացությունում հեշտությամբ անջատում են ցանկալի կոֆեինը։
Թերևս դժվար է ասել արդյո՞ք Դեկաֆ սուրճի օգտագործումը ավելի օգտակար թե՞ վնասակար է առոջության համար։ ՈՒ մինչդեռ պատասխաը միանշանակ հայտնի չէ՝ ընտրությունը մնում է սուրճի սիրահարներին։
«ԿՈՖԻ ՊԼՅՈՒՍ» ՍՊԸ