Տեղեկություններ

ՍՈՒՐՃԻ ՀԱՄԸ ԵՎ ԲՈՒՅՐԸ

Սուրճ գնելիս, մեզ համար իբրև սպառող, թերևս ամենակարևոր ուղղորդիչը և որոշիչը Սուրճի Բնութագիրն է, այսինքն՝ Համի և Բույրի այն յուրահատուկ համադրությունը, որը մենք ակնկալում ենք ստանալ պատրաստի սուրճից։ Ու թեև Սուրճը մեզ բոլորիս քաջածանոթ մի երևույթ է՝ հարկ է նշել, որ այն այդքան էլ պարզ չէ իր էությամբ և բացահայտման ու ուսումնասիրման կարիք ունեցող շատ նրբություններ ունի։ Համի և բույրի տեսանկյունից Սուրճը կարելի է նմանեցնել գինու, իսկ եփելու տեսանկյունից՝ գարեջրի։ Ինչպես խաղողը, Սուրճը ևս, տարբեր բնակլիմայական պայմաններում աճելիս ձեռք է բերում համի և բույրի առանձնահատուկ նրբերանգներ։ Եվ ինչպես գարու տարբեր աստիճանների բովելուց ստացվում են գարեջրի տարբեր տեսակներ, այնպես էլ սուրճի տարբեր բովվածության աստիճաններից ստացվում են տարբեր համերի և բույրերի սուրճի պատրաստուկներ։ Պատճառն այն է, որ բովվման պրոցեսի ընթացքում սուրճի հատիկի ներսում ընթանում են տարատեսակ քիմիական ռեակցիաներ՝ ձևավորելով հետագա թուրմի համի և բույրի պատկերը։ Նշենք նաև, որ պատրաստի սուրճի համի և բույրի վրա մեծ ազդեցություն է թողնում նաև ջուրը, որով այն պատրաստվում է։

Բարձր մրցակցային այս շուկայում սուրճի որակական հատկանիշները ընդգծելու և հաճախորդների դրական վերաբերմունքին արժանանալու համար Սրճային Ընկերություններն աշխատում են հնարավորինս լայն տեղեկություններ տրամադրել Սուրճի Պրոֆիլի վերաբերյալ՝ զետեղելով դրանք իրենց արտադրանքի փաթեթների վրա։

Ինչպես արդեն կարելի է կռահել՝ Սուրճի վերջնական համի և բույրի վրա ազդեցություն են ունենում թե՛ Բնական գործոնները (սուրճի տեսակը, աճեցման բնակլիմայական պայմանները, մշակման ձևը և այլն), թե՛ Տեխնիկական գործոնները (բովվածության աստիճանը, աղացվածության չափը, ջուրը և այլն)։ Արդյունքում ձևավորվում է այսպես կոչված Սուրճի Բնութագիրը կամ Սուրճի Պրոֆիլը, որն ունի հետևյալ բաղկացուցիչները՝

Բույրը (Aroma)` այն հոտն է, որը տարածվում է սուրճը պատրաստելիս։ Պետք է նշել, որ առհասարակ որևէ ուտելիքի կամ ըմպելիքի «համի» ավելի քան 90 տոկոսը մենք զգում ենք հենց խեմոցեպտորներ կոչվող հոտառության ռեցեպտորներով։ Արաբիկայի հատիկները մեծամասամբ ունենում են ծաղկային կամ մրգային նոտաներ, իսկ Ռոբուստայի հատիկները՝ երկրային և ածխային նոտաներ։ Իսկ առհասարակ Սուրճի Բույրը կարող է լինել Ծաղկային, Մրգային, Բուսական, Կաղնային, Կարամելային, Շոկոլադային, Երկրային, Ածխային։

Խտությունը (Body)` այն զգացողությունն է բերանի խոռոչում, որն առաջանում է սուրճն ըմպելիս։ Այլ կերպ կարելի է անվանել նաև Մածուցիկություն, Թանձրություն կամ Կպչունություն։ Ու քանի որ յուրաքանչյուր ոք յուրովի է ընկալում այս զգացողությունը, այն փոքր-ինչ դժվար բացատրելի է։ Կարող է լինել՝ Թույլ կամ Թեթև, Միջին կամ Բալանսավորված, Ամբողջական կամ Ծանր։ Թույլ Խտության պարագայում լեզվի վրա զգացողությունը ավելի «նուրբ» է և «ջրիկ», Միջին Խտության դեպքում կա ավելի «սիրոպի» կամ «կրեմի» նման զգացողություն, իսկ Ամբողջական Խտության (Full Body) պարագայում զգացողությունը ավելի շատ «յուղային» է կամ «տտիպ»։

Թթվայնությունը (Acidity)` թթվայնությունը պետք չէ շփոթել թթվաշության հետ։ Թթվայնությունը այն զգացողությունն է, որն առաջանում է ծնոտի ետնամասի զգայարաններում սուրճն ըմպելիս։ Այն կարող է լինել Քաղցր, Թթու և Դառը։ Օրինակ չոր մշակման եղանակով արտադրված սուրճն ունի Քաղցր համ, իսկ թաց կամ լվացման եղանակով արտադրված սուրճը լինում է ավելի Թթվաշ։ Թույլ բովվածության սուրճը լինում է ավելի Թթվաշ, միջին բովվածության սուրճը՝ Քաղցր, իսկ ուժեղ բովվածության սուրճը՝ Դառը։

Հետհամը (Finish)` սուրճի հետհամը մնացորդային համի այն զգացողությունն է, որն առաջանում է բերանում սուրճի ումպը կատարելուց անմիջապես հետո և պահպանվում է որոշակի ժամանակ։ Սուրճի Հետհամը կարող է լինել Քաղցր, Դառը, Թթու և երբեմն էլ՝ Կծու։ Ու թեև դժվար է ուղիղ կապ տեսնել Հետհամի և այն ձևավորող որևէ գործոնի միջև, այնուամենայնիվ շատ հաճախ հենց Հետհամն է է դառնում որոշիչ այն հարցում թե արդյո՞ք սուրճը լավն էր, թե ոչ։

Փունջը (Bouquet)՝  բուկետը ճիշտ զգալու համար որոշակի հմտություն է պահանջվում, որը կարելի է ձեռք բերել պրակտիկայի օգնությամբ։ Բուկետը համային նրբերանգների համադրությունն է, որը զգացվում է սուրճն ըմպելիս։ Երբեմն սուրճն ըմպելիս կարելի է զգալ հստակ ընդգծված որևէ համ, օրինակ, ցիտրուսային, կարամելային կամ շոկոլադային։ Այս դեպքում գործ ունենք Պարզ Փունջի հետ։ Երբեմն էլ միաժամանակ կարելի է զգալ մի քանի համերի կամ բույրերի խառնուրդ։ Այս դեպքը կոչվում է Միքս կամ Խառը Փունջ։ Միանշանակ դժվար է ասել՝ արդյո՞ք Պարզ Փունջն է ավելի որակյալ, թե Խառը Փունջը, քանի որ յուրաքանչյուրն ունի իր գեղեցկությունը և իր սիրահարները։

Հույսով ենք, որ այս գիտելիքները կօգնեն Ձեզ ուրվագծել և գտնել Ձեր ուրույն ճաշակին համապատասխան Սուրճի Պրոֆիլը։

Սիրով՝ Ձեր ԿՈՖԻ ՊԼՅՈՒՍ․․․

 

«ԿՈՖԻ ՊԼՅՈՒՍ» ՍՊԸ