Տեղեկություններ

ԱՐԱԲԻԿԱ ԹԵ՞ ՌՈԲՈՒՍՏԱ

Գոյություն ունեցող 100-ից ավելի սուրճի տեսակներից արդյունաբերական ծավալներով աշխարհում աճեցվում են միայն երկուսը՝ Արաբիկան (Coffea Arabica) և Ռոբուստան (Coffea Canephora)։ Պատճառն այն է, որ սուրճի հենց այս տեսակներն են համեմատաբար ավելի հեշտ ադապտացվում բնակլիմայական պայմաններին և ունեն բարձր բերքատվություն, ինչն էլ սուրճի այս տեսակների մշակումը դարձնում է տնտեսապես ավելի նպատակահարմար։

Պատմական ակնարկ

Արաբիկան իր անունը ստացել է 7-րդ դարում, երբ սուրճը, հատելով Կարմիր Ծովը, Եթովպիայից ներթափանցեց ներկայիս Եմեն՝ տարածվելով արաբական աշխարհում։ Հետագայում արդեն արաբների շնորհիվ տարածվելով՝ սուրճը ստացավ «Արաբիկա» անվանումը իբրև «Արաբական Սուրճ»։

Ռոբուստան հայտնագործվել է 1800-ական թվականներին Կոնգոյում, երբ այն դեռևս բելգիական գաղութ էր, ապա 1900-ականներից սկսած տարածվել է նաև ասիական մի շարք երկրներում։ «Ռոբուստա» անունը այս սուրճը ստացել է երկու պատճառով՝ նախ սուրճի այս տեսակի ծառը Արաբիկայի համեմատ ավելի դիմացկուն է բկակլիմայական պայմանների և վնասատու միջատների նկատմամբ, և երկրորդ՝ սուրճի այս տեսակում պարունակվում է կրկնակի ավել կոֆեին քան Արաբիկայում։ «Ռոբուստայի» հիմքում ընկած է անգլերեն “Boost” բառը, որն այս դեպքում ունի «Ուժեղ» իմաստը։

Տնտեսական պատկերը

Արաբիկան գերազանցապես աճում է արևմտյան կիսագնդում, առավելապես բարձրադիր գոտիներում, մինչդեռ Ռոբուստան հիմնականում աճում է արևելյան կիսագնդում։ Արաբիկան կազմում է սուրճի համաշխարհային շուկայի մոտ 70 տոկոսը, իսկ Ռոբուստան՝ մոտ 30 տոկոսը։ Թեև Արաբիկան Ռոբուստայի նկատմամբ պարունակում է համարյա կիսով չափ քիչ կոֆեին, այն համարյա կրկնակի թանկ է Ռոբուստայից։ Արաբիկան բարձր է գնահատվում իր համային հատկանիշների համար, իսկ Ռոբուստան՝ կոֆեինի առատ պարունակության համար։ Բրազիլիան աշխարհում ամենաշատ Արաբիկա աճեցնող երկիրն է, իսկ ամենաշատ Ռոբուստան աճեցվում է Վիետնամում։

Համեմատական նկարագիրը

Արաբիկայի հատիկներն ավելի նեղ ու երկար են (օվալաձև են) և հատիկի վրայի ճեղքը հիշեցնում է լատինական “S” տառը։ Ռոբուստայի հատիկները կարճ և լայն են (շրջանաձև են), իսկ հատիկի վրայի ճեղքը հիշեցնում է լատինական “I” տառը։

Արաբիկան ունի ավելի քաղցր և մրգային նոտաներ հիշեցնող համ, մինչդեռ Ռոբուստան դառնահամ է՝ առանց համային գամմայի։ Բացի այդ՝ Արաբիկան Ռոբուստայի համեմատ ունի ավելի բարձր թթվայնություն։

Կոֆեինի պարունակությունը Արաբիկայում կազմում է միջինում 1-1․5 տոկոս, իսկ Ռոբուստայում՝ 2-2․5 տոկոս։

Կիրառումը

Արաբիկան համարվում է ավելի բարձրակարգ սուրճ և հիմնականում օգտագործվում է հատուկ կուպաժի սուրճերի արտադրության մեջ (Specialty Coffee, Craft Coffee)։ Ռոբուստան սուրճին հաղորդում է անհրաժեշտ թնդությունը, կոֆեինի անհարժեշտ մակարդակը և ամենակարևորը՝ սուրճի վրայի այդքան սիրված ոսկեգույն փրփուրը։ Օրինակ, իդեալական Էսպրեսսոն պետք է բաղկացած լինի 70-80 տոկոս Արաբիկայից, որպեսզի այն լինի շատ համեղ և 20-30 տոկոս Ռոբուստայից, որպեսզի այն լինի շատ գեղեցիկ և միաժամանակ՝ թունդ։

Սուրճի իսկական գիտակները, համադրելով Արաբիկա և Ռոբուստա տեսակի սուրճերը, ստանում են նորանոր յուրահատուկ խառնուրդներ։

 

 

«ԿՈՖԻ ՊԼՅՈՒՍ» ՍՊԸ