Շատերս լսել ենք սուրճի տեսակների շատ անվանումներ, ինչպիսիք են, օրինակ, Կոնան, Տիպիկան կամ Ռոբուստան։ Անուններն այս չափազանց շատ են և շատ հաճախ առաջացնում են շփոթություն սպառողների շրջանում։ Նույնիսկ սուրճի գիտակները մեծ դժվարությամբ են կարողանում տարբերակել դրանք և կողմնորոշվել այս բազմազանության մեջ։ Այս նյութում կփորձենք հնարավորինս պարզ և մատչելի լեզվով դասակարգել և տարանջատել սրճային այս խառնաշփոթը։
Եվ այսպես՝ գոյություն ունեն Սուրճի ծառերի մոտավորապես 120 տեսակներ (լատիներեն` Coffea), որոնք պատկանում են «Rubiaceae» մշտադալար թփերի ընտանիքին և գերազանցապես հանդիսանում են տրոպիկական կլիմային բնորոշ բույսեր։ Բնակլիմայական պայմանների նկատմամբ չափազանց զգայուն լինելու պատճառով սուրճի շատ տեսակների աճեցումը գրեթե անհնար առաջադրանք է, և այդ իսկ պատճառով ժամանակի ընթացքում լայն տարածում են գտել դրանցից ընդամենը 3-ը, որոնք քիչ թե շատ ավելի դիմացկուն են և հնարավորություն են տալիս աճեցնել դրանք արդյունաբերական ծավալներով։ Այդ տեսակներն են՝ Արաբիկան (Coffea Arabica), շուկայի մոտ 70-80 տոկոս մասնաբաժնով, Ռոբուստան (Coffea Canephora), 20-30 տոկոս մասնաբաժնով, և Լիբերիկան (Coffea Liberica)` ընդամենը 2-3 տոկոս մասնաբաժնով։ Նշենք, որ աշխարհում ամենաշատ Արաբիկան աճեցվում է Բրազիլիայում, ամենաշատ Ռոբուստան՝ Վիետնամում, իսկ ամենաշատ Լիբերիկան՝ Ֆիլիպիններում։ Արաբիկայի ծառերը ավելի նուրբ և քմահաճ են, աճում են ծովի մակարդակից 1200-1800 մետր բարձրության վրա և ունեն 3-5 մետր բարձրություն։ Ռոբուստան ավելի դիմացկուն է վնասատուների և խիստ եղանակային պայմանների նկատմամբ և իր չափերով նման է Արաբիկային։ Լիբերիկայի ծառերը հասնում են մինչև 20 մետր բարձրության և իրենց հատկանիշներով կարծես գտնվում են վերոհիշյալ երկու տեսակների ոսկե միջինում։ Չմոռանանք նշել նաև, որ Արաբիկան գնահատվում է համային բարձր որակի համար, Ռոբուստան՝ կոֆեինի մեծ քանակության համար, իսկ Լիբերիկան՝ համի և թնդության հավասարակշռության համար։
Թվարկված 3 տեսակի Սրճենիներն էլ իրենց հերթին ունեն ենթատեսակներ կամ այլ կերպ ասած՝ Վարիետալներ (Varietals) և Խաչասերումներ կամ՝ Կուլտիվարներ (Cultivars): Թվարկենք դրանցից ամենակարևորները և ամենատարածվածները։
Typica (Arabica)` Տիպիկան, ինչպես օրինակ կանաչ խնձորը, ունի ընգծված թթվաշություն և քաղցրություն միաժամանակ։ Այս ենթատեսակը համեմատաբար քիչ տարածում ունի, քանի որ այն տոկոսային առումով ավելի քիչ կոֆեին է պարունակում, իսկ ծառերը շատ նուրբ են եղանակային պայմանների և վնասատուների նկատմամբ։ Սակայն Տիպիկան հատկապես գնահատված և պահանջված է «մաքուր» համի համար, ասել է թե՝ այս ենթատեսակից պատրաստված սուրճի մեջ ավելորդ համեր չկան։ Տիպիկան գերազանցապես աճում է Կենտրոնական Ամերիկայում, Յամայկայում և Ինդոնեզիայում։
Bourbon (Arabica)` Բուրբոնը թերևս Արաբիկայի ամենատարածված ենթատեսակն է և մեծամասամբ Արաբիկա սուրճ ըմպելիս մենք ըմպում ենք հենց այս ենթատեսակի սուրճը։ Այն աչքի է ընկնում ընդգծված քաղցրության և մեղմ թթվաշության համադրությամբ, ինչի շնորհիվ շատ հատընտիր սուրճի խառնուրդներ ստացվում են այս ենթատեսակից։ Բուրբոնի ծառի պտուղները երբեմն կարող են լինել վարդագույն, դեղին կամ նարջագույն։
Erecta (Robusta)` Էրեկտա ենթատեսակի սուրճն ունի բարձրահասակ ծառեր, իսկ պոտւղները դառնահամ են և կոֆեինով հարուստ, ինչի շնորհիվ պահանջված են Լուծվող Սուրճի արտադրության մեջ։ Այս ենթատեսակի ծագումնաբանությունը միանշանակ հստակ չէ։
Nganda (Robusta)` Նգանդա ենթատեսակը ծագումով Ուգանդայից է և մեծամասամբ աճում է հենց Ուգանդայում։ Այս ենթատեսակը աչքի է ընկնում բարձր թթվայնությամբ և ուժեղ դառնությամբ և մեծամասամբ օգտագործվում է Էսպրեսսոյի խառնուրդներում։
Excelsa (Liberica)` Էքսելսան մինչև 2006 թվականը համարվում էր սուրճի առանձին տեսակ, բայց այժմ դասակարգվում է իբրև Լիբերիկայի ենթատեսակ։ Ի տարբերություն Լիբերիկայի հատիկների՝ այս սուրճի հատիկները ավելի կարճ են և կլոր։ Այս սուրճն ունի տտիպ և դառը համ և գերազանցապես օգտագործվում է տարատեսակ սրճային խառնուրներում (Coffee Blends): Այս ենթատեսակն աճում է Աֆրիկայում և Ասիայում։ Նշենք նաև, որ Լիբերիկայի հատիկները ոչ սիմետրիկ են, այսինքն՝ սուրճի հատիկի ճեղքի երկու կողմերը իրարից մեծ ու փոքր են։
Թվարկվածներից բացի կան նաև մի շարք այլ հայտնի Ենթատեսակներ և Խաչասերումներ որոնց մասին արժե խոսել մեկ այլ առանձին նյութում։ Այժմ պարզապես թվենք դրանք՝
Maragogype, Kent (K7), Kona, Blue Mountain, Caturra, SL28 & SL34, Tekisic, Villa Sarchi, Pacas, Pacamara, Mundo Novo, Catuai, Catimor, Castillo, Ruiru 11, Geisha.
«ԿՈՖԻ ՊԼՅՈՒՍ» ՍՊԸ